1992
Հայաստանի առաջին առաջնությունն անկախացումից հետո
Հայաստանի առաջին առաջնությանը մասնակցեց 24 թիմ։ Նախատեսված 408 խաղից կայացավ 400-ը. մնացած 8 խաղերին մրցակիցներից մեկը չներկայացավ, որի համար ստացավ տեխնիկական պարտություն։
Անհավանական որոշում՝ երկու չեմպիոն հռչակելու վերաբերյալ
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն այսպիսի արտասովոր որոշում կայացրեց այն բանից հետո, երբ միմյանց հաջորդած, բուռն մթնոլորտում անցած երկու նիստերի ժամանակ կողմերն այդպես էլ համաձայնության չեկան լրացուցիչ հանդիպման վայրն ընտրելու հարցում։
«Ֆուտբոլ» շաբաթաթերթ, 1992, #7
Ամենահետաքրքիրը տեղի ունեցավ մրցաշարի վերջում. երկու թիմերի արդյունքները հավասար էին։
«Շիրակն» ու ՀՄԸՄ-ն ունեին 37-ական միավոր, խփած և բաց թողած գնդակների +44 տարբերություն։ Ամեն ինչ պետք է որոշվեր Ոսկե խաղում (ըստ կանոնադրության), որը, սակայն, չկայացավ։ Այդ նույն կանոնակարգում լրացուցիչ, կամ Ոսկե խաղի անցկացման վայրը նշված չէր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն այսպես որոշեց երկու նիստերից հետո.վերջնական որոշումը բացառիկ է ֆուտբոլի պատմության ընթացքում։
ՀՄԸՄ-ն և Շիրակը, կարծես, պայմանավորվեցին հաջորդ 1993 թվականի մրցաշրջանից առաջ հանդիպել Աբովյանում, եթե Հայաստանին մեկ տեղ հատկացվեր Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում։
Տեղը չհատկացվեց։
«Ֆուտբոլ» թերթի գլխ․ խմբագիր Մ․ Նազարյան
«Ֆուտբոլ» շաբաթաթերթ, 1992, #8
«Այս տարի 60 խաղ է կայացել «Հրազդան»
մարզադաշտում և, հավատու՞մ եք, ամբողջ տարվա ընթացքում վաճառվել է ընդամենը 10 հազար տոմս»։
«Հրազդան» մարզադաշտի տնօրեն Ա․ Եսայան
Մրցաշրջանի ընթացքում ամենասպասված խաղը մնաց անավարտ
Գյումրիում «Շիրակի» ու Երևանի «Արարատի» միջև խաղի 80-րդ րոպեին արարատցիները ինքնակամ լքեցին խաղադաշտը։ Նրանց գրանցվեց տեխնիկական պարտություն։ «Արարատի» 3 ֆուտբոլիստ հեռացվել էր խաղադաշտից, ընդ որում՝ Համլետ Մխիթարյանի հեռացումը, ըստ «Ֆուտբոլ» շաբաթաթերթի, «միանգամայն անտեղի» էր։
Հանրապետական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, քննարկելով տեղի ունեցած արտառոց դեպքը, որոշեց. Գուրգեն Ենգիբարյանին որակազրկել մինչև մրցաշրջանի ավարտը, Արամայիս Տոնոյանին և Սևադա Արզումանյանին՝ երեքական խաղով։ Բոլորը տուգանվեցին 1500-ական ռուբլով։ «Արարատ» ֆուտբոլային ակումբը որպես տուգանվեց 5000 ռուբլով։ Ակումբը մրցաշրջանի արդյունքներով գրավեց 4-րդ տեղը։
ՍԿԱՆԴԱԼ !!!
«Շիրակ» – «Արարատ» 1:0
80-րդ րոպեին խաղն ընդհատվեց. արարատցիներն ինքնակամ հեռացան ասպարեզից։ Նրանց գրանցվեց տեխնիկական պարտություն։
Անդրանիկ Բոնջուկյան
«Շիրակ» - «Արարատ» խաղի գլխավոր մրցավար
Երբեք չէի ենթադրի, որ «Արարատի»՝ մեր ամենասիրված թիմի ֆուտբոլիստներն այդքան սանձարձակ կպահեն իրենց։
Նրանք ինձ վիրավորում, անպատվում էին այլանդակ ձևով։ Դա և՛ վրդովեցուցիչ էր, և՛ ցավալի։ Որևէ թիմի պաշտպանելու միտումի մասին ավելորդ է խոսել։ Ես գործել եմ իմ գիտելիքներին և խղճին համապատասխան։
Եվ «լավ» գնահատականը, որ նշանակել է երևանցի տեսուչը, դրա պերճախոս վկայությունն է։
Մրցակցությունը շատ հետաքրքիր էր, եթե նկատի չունենամ առանձին ֆուտբոլիստների միանգամայն ցածր կարգապահությունը։
ՀՄԸՄ – Կոտայք 3։2 (1:1)
Գոլեր՝ Պ․ Գալստյան (16), Մ․ Խաչատրյան (42, 11 մետ․), Պ․ Գալստյան (49, 11 մետ․), Արտ․ Ադամյան (55), Պ․ Գալստյան (67)
Պողոս Գալստյանի հեթ-տրիկը թույլ է տալիս ՀՄԸՄ-ին շարունակել պայքարը։ Չեմպիոնական մրցավազքն ընթանում է մինչև վերջ։
Արայիկ Ադամյան
Ոսկե խաղի մասին տարբեր կարծիքներ էին հնչում։ Սկզբում առաջարկեցին խաղն անցկացնել Երևանում․ Գյումրիում, իհարկե, անմիջապես մերժեցին այդ տարբերակը։ Հետո դիտարկվեց Հոկտեմբերյանի «Հոբելյանական» ստադիոնը, բայց խոտածածկը, մեղմ ասած, լավ վիճակում չէր։
Հետո եղավ Աբովյանի տարբերակը, բայց սա նույնպես ձեռնտու չէր «Շիրակին»․ շատ մոտ է Երևանին։ Ասեցին՝ լավ, Դիլիջանում խաղանք, որ հավասար հեռավորության վրա լինի․ նորից չստացվեց․․․
«Շիրակի» սեփականատեր Գառնիկ Խաչատրյանը նույնիսկ առաջարկեց Ոսկե խաղն անցկացնել Սոչիում․ նա պատրաստ էր հոգալ երկու թիմերի ճանապարհի ու կացարանի ծախսերը։ Այս մտքին էլ, կարծեմ, ՀՄԸՄ-ն էր դեմ։ Մի խոսքով, այդքան սպասված «Ոսկե խաղն» այդպես էլ չկայացավ։
«Ֆուտբոլ» շաբաթաթերթ, 1992, #4
Ազգային հավաքականի ստեղծում
1992 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պատրաստվել Մոլդովայի հետ ընկերական հանդիպմանը։
Գլխավոր մարզիչ Էդուարդ Մարկարովի հայտացուցակում 5 ֆուտբոլիստ ներկայացնում է «Արարատը», 4-ը՝ «Շիրակը», 3-ը՝ ՀՄԸՄ-ն։ Երկու ֆուտբոլիստ կա Կոտայքի մարզի «Բանանց», մեկական՝ ՀՄՄ-ՖԻՄԱ, «Նաիրի» և երկրորդ խումբը ներկայացնող «Քասախ» թիմերից։
Լեգիոներներ չեն հրավիրվել։
ՀԱՎԱՔԱԿԱՆ
1992 թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին հանդիպումն անցկացրեց։ Մոլդովայի դեմ ազգային ընտրանին խաղաց «Արարատի» համազգեստով։ Շապիկների վրա առկա ռուսերեն АРАРАТ գրությունը ծածկել էին կպչուն ժապավենով, որի վրա գրված էր՝ Հայաստան։ Խաղն ընթացավ տանտերերի տարածքային առավելությամբ. 43-րդ րոպեին դարպասը գրավելու հնարավորությունը ձեռքից բաց թողեց Սամվել Կոստանդյանը։
Արդեն խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշում է կայացնում. «եթե հավաքական հրավիրված խաղացողը անհարգելի պատճառով չի ներկայանա պարապմունքների կամ խաղերի, որակազրկվելու է հինգ խաղով, իսկ նրա ակումբը տուգանք է վճարելու 50.000 ռուբլի»։
Հայաստանի գավաթի առաջին խաղարկություն
Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկության համար ՀՖՖ-ի պատվիրած գավաթը չեն հասցնում պատրաստել մինչև եզրափակիչի օրը, մայիսի 28-ը։ Փոխարենը՝ ՀՖՖ-ն հաղթողին հանձնում է կավից պատրաստած կրկնօրինակ գավաթը։
Առաջին գավաթին տիրանում է Կոտայքի մարզը ներկայացնող «Բանանցը»։ ՀՄԸՄ-ի հետ խաղում Վարուժան Սուքիասյանի թիմը 2 անպատասխան գնդակ է ուղարկում մրցակցի դարպասը։ Աչքի են ընկնում Արա Նիգոյանն ու Աշոտ Ավետիսյանը։ Կավե գավաթը հաղթողին հանձնում է հանրապետական ֆեդերացիայի պատվավոր նախագահ Հակոբ Տոնոյանը։
ԿԱՎԵ ԳԱՎԱԹ
Բանանց (Կոտայքի մարզ) – ՀՄԸՄ (Երևան) 2։0
28 մայիսի, 1992թ․, Հրազդան մարզադաշտ
3347 հանդիսական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ստեղծումը
1992 թվականին ստեղծվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Կառույցը գլխավորող «Արարատ-73»-ի լեգենդ Նիկոլայ Ղազարյանն ու նրա օգնական Սլավա Սարգյսանը ստիպված են «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարին խնդրել տրամադրել էլեկտրականության հոսանքալար, որպեսզի ապահովեն էլեկտրականություն ՀՖՖ շտաբ-բնակարանում և կապ պահպանեն ՈՒԵՖԱ-ի հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ֆաքսի միջոցով ստանալու համար։
ՀՖՖ տարբերանշանի գաղափարի հեղինակը «Ազգ» օրաթերթի սպորտային լրագրող Աշոտ Մարտիրոսյանն է։ Նա փորձում է միավորել Երևանի «Արարատի» այն տարիների և Հայ երկրպագուների ակումբի («ՀԱՅ») տարբերանշանները։