Milestones of Armenian football

2000

ՍՈՒՊԵՐԱԿՈՒՄԲԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՄԲ

1999 թվականի դեկտեմբերի 12-ին «Միկա-Քասախ» ֆուտբոլային ակումբը անցումային խաղում հաղթեց Երևանի «Կիլիկիային» ու նվաճեց Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր։ Թիմի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարում էր սուպերակումբ հիմնելու և եվրոպական ասպարեզ դուրս գալու մասին։ Այսպես ստեղծվեց անկախ Հայաստանի ինքնատիպ ֆուտբոլային ակումբներից մեկը։

Առաջին քայլերը

«Միկայի» առաջին իսկ մրցելույթները Բարձրագույն խմբում նշանավորվեցին սկանդալով։ Մրցաշրջան-2000-ի ավարտից 2 տուր առաջ «Միկան», «Զվարթնոցը», «Դինամոն» և «Արարատը» հայտարարեցին բոյկոտի մասին. պատճառը՝ մրցավարների գործողություններն էին։

Նույն տարում, սակայն, եղավ առաջին հաջողությունը«Միկան» նվաճեց Հայաստանի գավաթը՝ հետագայում սա կդառնա ավանդույթ ակումբի համար։ Եզրափակչում Աբովյանի Քաղաքային մարզադաշտում Էդուարդ Մարկարովի սաները հաղթեցին «Զվարթնոցին»։

Մրցաշրջան-2001-ին մասնակցությունը «Միկան» հաստատեց վերջին պահին․ կրկին խնդիրը ՀՖՖ-ի հետ հարաբերություններն էին։ Առաջնությունում զբաղեցնելով 6-րդ տեղը՝ «Միկան» կրկին փայլեց գավաթի խաղարկությունում․ Երևանի «Արարատի» հետ եզրափակիչը ամենահիշարժաններից էր մրցաշարի պատմության ընթացքում․ հետխաղային 11-մետրանոցներից վերջինը դիպուկ իրացրեց թիմի ավագ Արմեն Պետիկյանը։

Երկրորդ անգամ հանդես գալով եվրագավաթներում ու երկրորդ անգամ հանդիպելով ռումինական ակումբի արգելքին՝ (2000/2001 թթ․ մրցակիցը Բուխարեստի «Ռապիդն» էր, որին երկու խաղի արդյունքում գավաթակիրը զիջեց 1։3 հաշվով), «Միկան» անախորժ վիճակում հայտնվեց։ Լուրեր էին պտտվում, թե իբր ակումբը փորձել է կաշառել ռումինական «Բրաշովի» հետ հանդիպման մրցավար Կիլ Ալսետին 5000 դոլարով․ «Հայկական թիմն այնքան անօգնական էր խաղի ընթացքում, որ եթե ես նույնիսկ փորձեի նրան աջակցել, ապա ոչինչ չէի կարողանա անել», – խաղից հետո ասաց նորվեգացի մրցավարը։

2004-ին «Միկան» առաջին անգամ նվաճեց արծաթե մեդալները։ «Փյունիկի» դեմ պայքարել անհնար էր․ առաջին և երկրորդ տեղերի միջև տարբերությունը մրցաշրջանի ավարտից հետո 16 միավոր կազմեց։ Սա «Փյունիկի» 4-րդ անընդմեջ չեմպիոնությունն էր։

«Միկան»՝ Հայաստանի գավաթակիր 2001թ․

«ՀՀ ՖՖ Նախագահ պ-ն Ս․ Աբրահամյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդեռացիայի ոչ ճիշտ գործողությունների սխալ որոշումների պատճառով, որը փաստորեն արդարացնում է մրցավարի կոպիտ գործողությունները, «ՄԻԿԱ» Աշտարակ թիմը հայտնում է անվստահությունը ՀՀ ֆուտբոլի ֆեդեռացիայի Նախագահին և գտնում է անիմաստ հետագա մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի առաջնությունում»   

ՄԻԿԱ ֆուտբոլային ակումբի նամակը ՀՖՖ-ին (խմբագրությունը պահպանված է)

Յուրգեն Կլոպն՝ ընդդեմ «Միկայի»

Հաջորդ տարի գավաթային հաջողությունը կրկնվեց. եզրափակչում «Միկան» հաղթեց «Կիլիկիային» ու որպես արդյունք՝ ևս մեկ եվրագավաթային ուղեգիր։

Մրցակիցը՝ գերմանական «Մայնցն» էր՝ առաջին  ակումբը եվրոպական Մեծ Հնգյակից, որը ժամանում էր Երևան (երկրորդը կլինի 14 տարի անց)։ Արտագնա մրցավեճում պարտվելով 0։4 հաշվով, Երևանում «Միկան» ոչ-ոքի խաղաց՝ 0։0։

«Մայնցի» գլխավոր մարզիչը 38-ամյա Յուրգեն Կլոպն էր։

ВЫСШИЙ КЛАСС ФУТБОЛА

Միկա – Մայնց, 2005թ․

19.07.2007 Միկան արտագնա խաղում պարտվում է ՄՏԿ-ին՝ 1։2, բայց Երևանում նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ նվաճում հաջորդ փուլի ուղեգիր

   Առաջին (և վերջին) անգամ եվրագավաթային մրցաշարի առաջին փուլը «Միկան» հաղթահարեց 2007/08 մրցաշրջանում։ Բուդապեշտի ՄՏԿ-ին առաջին խաղում պարտվելով 1։2 հաշվով՝ Արմեն Ադամյանի սաները երկրորդում նվազագույն հաշվով հաղթում են հունգարական թիմին։ Հաջորդ խաղում մրցակիցն ավելի ուժեղ չէր․ Սլովակիայի «Արտմեդիան», մեղմ ասած, հաղթահարելի արգելք էր, բայց անփույթ գործողությունները պաշտպանությունում հանգեցրին պարտության 2 խաղի արդյունքում՝ 2։3: Հաջորդ մրցակիցը կլիներ Մոլդովայի «Զիմբրուն»․․․

Ակլեիսոն Սկայոն,
ՖԱ Միկա, 2006թ

Գեորգի Մաթևոսյան

«Միկայի» մամուլի քարտուղար, 2006-07թթ․

                 Հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանն արդեն մի քանի տարի է՝ բավականին հաջող սելեկցիա էր անցկացնում Բրազիլիայում՝ հայկական ակումբներին ժամանակ առ ժամանակ մատակարարելով փայլուն կադրերով։ Հիշարժան օրինակներից էին Մարկոս Պիզելին ու Ռենատոն, ովքեր տոն էին տալիս «Արարատում»։ 2005 թվականից Անդրիասյանը միացել էր «Միկային» և զբաղեցնում էր սպորտային տնօրենի պաշտոնը։ Սան Կառլոս թիմից արդեն միացել էին Ալեքս Էնրիկե դա Սիլվան և Կլեբերը։ 2006 թվականի ամռանը, երբ Անդրիասյանն արդեն զբաղեցնում էր Միկայի գլխավոր մարզչի պաշտոնը, 5 հոգանոց դեսանտ էր սպասվում «Սան Կառլոսից»։

Բոլորից շատ լեգենդը սպասում էր Ակլեյսոնին՝ Սան Կառլոսի ավագին, ով պետք է վերջնականապես կայունացներ «Միկայի» խաղը։ Կրեատիվ կենտրոնական կիսապաշտպան էր, հոյակապ տեսնում էր դաշտը։

Երևան ժամանելուց առաջ Ակլեյսոնը սափրել էր գլուխը։ Որպես արդյունք, արտաքինը, մեղմ ասած, մի փոքր փոխվել էր․․․մինչ այդ նա տպավորիչ գանգուր մազեր ուներ։ Մի օր Անդրիասյանը մտավ մեր աշխատասենյակ, որտեղ թղթաբանական հարցեր էինք կարգավորում ֆուտբոլիստների հետ և որտեղ ներկա էին բոլոր նորեկները, մոտեցավ ինձ ու հարցրեց, թե որտեղ է Ակլեյսոնը։ Սովորաբար նա ոչ միշտ էր հիշում ու արտաբերում բրազիլացիների անունները, բայց Ակլեյսոնը նրա կողմից ամենաշատ սպասված ակտիվն էր։ Վերջինիս նա լավ էր հիշում։ Ասում եմ՝ Գեորգիչ ահա և նա։ Անդրիասյանը նայում է սափրագլուխ տղային, ասում է՝ սա ինքը չէ, ցույց տվեք ինձ իսկական Ակլեյսոնին։ Ակլեյսոնն ասում է մարզիչ, ես եմ Ակլեյսոնը։ Չի հավատում․․․ Բանը հասավ նրան, որ պահանջեց անձնագիր ցույց տալ, և միայն դրանից հետո նայելով Ակլեյսոնի աչքերի մեջ՝ ասաց․ «Ա՛յ սա դու ես»։

Մեծ դժվարությամբ ինձ ու Ակլեյսոնին հաջողվեց համոզել որ այս Ակլեյսոնը իրական Ակլեյսոնն է․․․

2008 թվականին «Միկան» տնային հանդիպումները սկսեց անցկացնել սեփական հարկի տակ: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող «ՄԻԿԱ» մարզահամալիրը հետագա 7 տարիների ընթացքում ընդունում էր ակումբի տնային հանդիպումները։

 Հաջորդ տարի «Միկան» նորից փորձում է պայքարել չեմպիոնության համար, բայց նորից միայն արծաթե մեդալներ։ Չեմպիոնն արդեն 9-րդ անգամ անդընդմեջ «Փյունիկն» է։ Վերջին տուրում երկու թիմերի խաղն ավարտվեց չեմպիոնի հաղթանակով՝ 4։0։

Միայն արծաթե մեդալներ

2011-ին «Միկան» 6-րդ անգամ պատմության ընթացքում դարձավ Հայաստանի գավաթակիր։ Ակումբի վերջին դրական մրցաշրջանը 2012/2013-ն էր։ Ժոլտ Հորնյակի գլխավորությամբ երիտասարդներից բաղկացած թիմը գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում, բայց բաղձալի չեմպիոնությանն այս անգամ էլ խանգարեց Գյումրու «Շիրակը»։

  Զուգահեռաբար մամուլում սկսեցին հայտնվել նորություններ այն մասին, որ «Միկայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող Արմավիա ընկերությունում արդեն 7 ամիս չեն վճարում աշխատավարձ։ Վերջինս նույնիսկ հայտարարեց ավիաընկերության հնարավոր սնանկության մասին։ Ավիաընկերությունը վաճառելու անհաջող փորձից հետո՝ 2013 թվականի ապրիլի մեկին, սնանկության գործընթացը սկսվեց պաշտոնապես։

Մոսկվա-Երևան-Մոսկվա

2014 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Ֆինանսների նախարարությանը փոխանցել  «Միկա» մարզահամալիրը՝ «Արմավիա ավիաընկերություն» ԱՊԸ-ի և «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ի 9,045 մլրդ դրամի չափով հարկային պարտավորությունների փոխարեն։

2015-ի հուլիսին «Միկայի» ղեկավարությունը գնաց աննախադեպ քայլի․ փաստացի՝ հիմնական կազմին փոխարինեցին Ռուսաստանի սիրողական 3-րդ լիգայում հանդես եկող Մոսկվայի «Կվազար» թիմի ֆուտբոլիստներ Զարիպովը, Բելոմիցևը, Կոզլովը, Վասիլևը, Տալալայը, Մարտինովը, Ինկինը, Կոսաչովը, Պրոկոֆևը և Դավիդովը։ Նոր ակումբը պետք է հանդես գար «Միկա-Կվազար» անունով։ Թիմի առջև լուրջ խնդիրներ չդրվեցին։

2016 թվականի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերի ցանկում «Միկան» բացակայում էր։

ԿՏՐՈՒԿ ԱՆԿՈՒՄ

scale_1200

Միխայիլ Բաղդասարով

«Միկա» ակումբի սեփականատեր, 2015թ․

                   Ցավոք, այսօր ֆինանսական հնարավորություններ չունենք նույն մասշտաբով շարունակելու մեր գործունեությունը: Հիմա մեր պատանի և երիտասարդ ֆուտբոլիստների շնորհիվ թիմ կպահենք և կտեսնենք, թե առաջիկա 2-3 տարում ինչ կլինի: Միգուցե տնտեսական վիճակը փոխվի: Եթե չփոխվի, ոչինչ չի լինի: Այո, մենք մեծ փորձ ենք կուտակել և եթե նախկին հնարավորություններն ունենայինք, այսօր սուպերթիմ կստեղծեինք: Բայց դա արդեն պայմանավորված կլինի իրավիճակով և հնարավորություններով: Առաջին պայմանը փող ունենալն է, որը հիմա մենք չունենք․․․